am
en

Ի՞նչ կլիներ, եթե ​​արևային էներգիայի առաջին ձեռնարկատերը չառևանգվեր...

01.11.2023

Ի՞նչ կլիներ, եթե ​​արևային էներգիայի առաջին ձեռնարկատերը չառևանգվեր, արդյո՞ք հանածո վառելիքը 20-րդ դարում կգերիշխեր այնքան, որքան գերիշխում էր:

Հանածո վառելիքի պաշտպանության համար բերված փաստարկներից մեկն այն է, որ դրանք պատմական անհրաժեշտություն էին, քանի որ 20-րդ դարում մեծ մասի համար այլ կենսունակ փոխարինող չկար: Ասում են, որ մենք պարտք ենք հանածո վառելանյութերին, քանի որ դրանք նպաստել են մեր զարգացմանը: Բայց ի՞նչ կլիներ, երբ իմանայինք, որ գոյություն ունի կենսունակ այլընտրանք, և որ այն կարող էր ի սկզբանե սաբոտաժի ենթարկել հանածո վառելիքի արդյունավետությունը։

Հոդվածի հեղինակ Sugandha Srivastav-ը մաքուր էներգիայի նորարարության տնտեսագիտությունը ուսումնասիրելիս հանդիպել է քիչ հայտնի մի պատմության: Կանադացի գյուտարար Ջորջ Քովը, ով վերականգնվող էներգիայի աշխարհի առաջին ձեռներեցներից մեկն էր, հորինել էր կենցաղային արևային մարտկոցներ, որոնք աներևակայելիորեն նման են այսօրվա տներում տեղադրվածներին. դրանք նույնիսկ տարրական մարտկոց ունեին, որպեսզի էլեկտրականությունը աշխատի, երբ արևը չի շողում: Եվ սա ոչ 1970-ականներին էր ,ոչ նույնիսկ 1950-ական թթ.։Խոսքը 1905 թվականի մասին է։

Ջորջ Քովի ընկերությունը՝ Sun Electric Generator Corporation-ը հիմնվել էր Նյու Յորքում, ուներ 5 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալիզացիա (մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլար այսօրվա դրամական միջոցներով): Մինչև 1909 թվականը գաղափարը արժանացավ լրատվամիջոցների լայն ուշադրությանը: Modern Electric ամսագիրն ընդգծել է, որ «երկօրյա արևի լույսի շնորհիվ սարքը կարող էր կուտակել այնքան էլեկտրական էներգիա, որքան կպահանջվեր սովորական տունը մեկ շաբաթ լույսով ապահովելու համար»:

Հոդվածում նշվում է, որ էժան արևային էներգիան կարող էր մարդկանց դուրս բերել աղքատությունից՝ «նրանց բերելով էժան լույս, ջերմություն և էլեկտրաէներգիա և ազատել հացի համար մշտական ​​պայքարից»։ Հոդվածն այնուհետև ենթադրում էր, որ նույնիսկ ինքնաթիռները կարող էին սնուցվել արևի կողմից լիցքավորված մարտկոցներով: Մաքուր էներգիայի ապագան կարծես իր տեղում էր:

Սակայն, ըստ 1909 թվականի հոկտեմբերի 19-ի The New York Herald-ի զեկույցի, Քովին առևանգել են: Նրա ազատման պայմանն այն էր, որ նա հրաժարվի արևային արտոնագրից և փակի իր ընկերությունը։ Քովը մերժել է և ավելի ուշ ազատ է արձակվել Բրոնքսի կենդանաբանական այգու մոտ։ Բայց այս դեպքից հետո նրա արևային բիզնեսը զրոյացավ։ Տարօրինակ է թվում, որ իր առևանգմանը նախորդող տարիներին նա մշակել է արևային սարքի մի քանի կրկնություններ՝ ամեն անգամ կատարելագործելով այն:

Չենք կարող հստակ ասել՝ արդյոք սրա հետևում կային սեփական շահեր։ Ոմանք այն ժամանակ մեղադրեցին Քովին առևանգումը կեղծելու մեջ՝ հանուն հրապարակայնության, թեև դա անհեթեթություն է, հատկապես, որ լրատվամիջոցների ուշադրության պակաս չկար: Այլ աղբյուրներ առաջ էին քաշում մեկ այլ վարկած, ասում էին, որ դրա հետևում կարող էր լինել նախկին ներդրողը:

Այնուամենայնիվ, հայտնի է, որ հանածո վառելիքի շահագործմամբ զբաղվող երիտասարդ ընկերությունները հակված էին անարդար գործելաոճի իրենց մրցակիցների նկատմամբ: Իսկ արևային էներգիան սպառնալիք էր, քանի որ այն ժողովրդավարական տեխնոլոգիա էր՝ բոլորն ունեին արևի հասանելիություն, որը կարող էր հզորացնել քաղաքացիներին և համայնքներին՝ ի տարբերություն հանածո վառելիքի, որը ենթադրում էր կայսրության կառուցում:

Աշխարհի առաջին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի գլխավորած Standard Oil ընկերությունը այնքան ճնշեց մրցակցությունը, որ կառավարությունը ստիպված էր ընդունել հակամենաշնորհային օրենքներ՝ մենաշնորհների դեմ պայքարելու համար:

Նման մեթոդների դիմել է նաև լեգենդար գյուտարար Թոմաս Էդիսոնը, նա հոսանքահարել է ձիերին, գյուղական տնտեսության մեջ օգտագործվող կենդանիներին և նույնիսկ մահապատժի ենթարկված մարդուն՝ օգտագործելով իր մրցակից Նիկոլա Տեսլայի փոփոխական հոսանքը՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է դա, և որպեսզի Էդիսոնի սեփական տեխնոլոգիան՝ հաստատուն հոսանքը, օգտվի:

Քովի Sun Electric-ը արևային էներգիայի իր համակարգերով վնաս կհասցներ Էդիսոնի բիզնեսին՝ ածուխից արտադրվող էներգիայի օգտագործմամբ էլեկտրական ցանց կառուցելուն։

Թեև Քովի առևանգումից հետո արևային էներգիայի զարգացնելու համար որոշ ցրված ջանքեր գործադրվեցին, հաջորդ չորս տասնամյակների ընթացքում խոշոր առևտրային գործունեություն չեղավ, մինչև որ հայեցակարգը վերակենդանացավ Bell Labs-ի կողմից՝ Bell Telephone Company-ի ԱՄՆ-ի հետազոտական ​​ստորաբաժանման կողմից: Իսկ այդ ընթացքում ածուխը և նավթը աճեցին աննախադեպ տեմպերով՝ ստանալով աջակցություն պետական քաղաքականությունից: Այդ շրջանում արդեն իսկ սկսվել էր կլիմայական ճգնաժամը։

Արևային էներգիայի ռահվիրա Ջորջ Քովը նաև արտոնագրել է մակընթացային էներգիան օգտագործելու առաջին սարքերից մեկը: Այս ինֆորմացիան ևս օգտագործվել է հաշվարկելու համար, թե որ տարում արևային էներգիան ավելի էժան կդառնա, քան ածուխը: Ըստ Sugandha Srivastav-ի ուսումնասիրությունների մի աշխարհում, որտեղ Քովը հաջողության հասներ, և արևային էներգիան ի սկզբանե մրցեր հանածո վառելիքի հետ, այն կգերազանցեր ածուխը դեռ 1997թ.-ին, երբ Բիլ Քլինթոնը նախագահ էր: Արդյունքում մենք ունենք կորցրած առնվազն 20 տարի։

Իհարկե անհնար է հստակ իմանալ, թե մարդկությունը ինչ ճանապարհով կգնար, բայց մի բան հստակ է, որ արևային էներգիայի 40-ամյա ընդմիջումից խուսափելը կարող էր փրկել աշխարհը հսկայական քանակությամբ ածխածնի արտանետումներից:

Բայց հիմա Քովի ժամանակները չեն, մենք ունենք ազատ ընտրության հնարավորություն, մենք ենք ընտրում գնալ լավատեսության ճանապարհով, ընտրել ամենաէժան, խնայող և մաքուր էներգիան կամ շարունակել կախված մնալ սպառվող ռեսուրսներից։

Եվ, այո՛, մենք դեռ կարող ենք հասնել արևային էներգիայով աշխատող աշխարհին, որը դեռ շատ տարիներ առաջ պատկերացնում և փորձում էր կառուցել Ջորջ Քովը։

 

Աղբյուր՝ If the first solar entrepreneur hadn't been kidnapped, would fossil fuels have dominated the 20th century the way they did? (theconversation.com)