am
en

Հաճախ հանդիպող սխալներ արեվային Ֆոտովոլտային կայաններ կառուցելիս

14.05.2020

Նախաբան. 

Այսօր արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ Հայաստանում զգալիորեն շատանում են արևային համակարգերով հետաքրքրվողները, արևային “պրոդուկտ”/արտադրանք/-ի հանդեպ վստահություն ունեցողները և տեղադրողները: Միևնույն ժամանակ, պետք է նաև փաստել, որ յուրաքանչյուր լավ բան ունի իր բացասական կողմերը: Ցավոք, տեղադրողների շարքում նկատվում են արևային համակարգերից դժգոհողներ:

Դժգոհության հիմնական պատճառներից կարելի է նշել հետևյալն. օգտվողներն առանց խորը ուսումնասիրության և վերլուծության իրենց ֆինանսական միջոցները վստահել են անորակ ծառայություն մատուցող կազմակերպությունների: Նկատվում է անհատ տեղադրողների թվի աճ, ովքեր առանց որևէ հաշվարկի կամ ոչ  ճշգրիտ հաշվարկների և տեխնիկական տվյալների կիրառմամբ տեղադրում են արևային համակարգեր, իսկ հետո դժգոհում այդ համակարգերի արդյունավետությունից:

Այդ իսկ պատճառով այս նյութը գրված է հանրամատչելի լեզվով, օգտագործված չեն բարդ հաշվարկներ, սխեմաներ և տերմինաբանություն:

Արևային համակարգերի արդյունավետության հիմնական չափորոշիչը համակարգի բաղադրիչների որակն է: Որակի հիմնական չափորոշիչը պայմանավորված է արտադրողականության ցուցանիշներով: Որակը չափելի է թվերով և տեղակայված նախագծերի “անցած ճանապարհ”-ով: Արդյունավետության կարևոր չափորոշիչ է նաև համակարգի տեխնիկապես գրագետ կառուցումը և տեղակայման վայրը:

Ստորև ներկայացված են արևային ՖՎ համակարգի տեղադրմանը վերաբերող հակիրճ և մատչելի տեղեկություններ: 

1. Արևային ֆոտովոլտային մոդուլների տեղադրման ժամանակ հանդիպող սխալներ

1.1. Արևային էներգիայի համակարգ տեղադրելուց առաջ պետք է պարզել տվյալ տեղանքի արևի ներուժը 1 մ² հորիզոնական մակերևույթի վրա, որի չափման միավորն է՝ կՎտ*ժ/1մ²:

1.2. Արևային ֆոտովոլտային մոդուլների տեղադրման համար գործում են մի շարք պահանջներ: Նախ և առաջ, մինչև տանիքին արևային ֆոտովոլտային մոդուլների տեղադրումը, պետք է համոզվել, որ շինությունը և տանիքի կրող կառուցվածքը կարող են լրացուցիչ բեռ կրել:

1.3. Անհրաժեշտ է ՖՎ մոդուլները հնարավորին չափ ուղղել դեպի հարավ: Հարավից (ազիմուտ) յուրաքանչյուր 1 աստիճանով շեղումը հանգեցնում է էլեկտրանէներգիայի արտադրության նվազմանը համապատասխան հաշվարկային գործակցի:  

1.4. Կարևոր է նաև հորիզոնի նկատմամբ թեքության անկյունը: Առավել օպտիմալ անկյունը համարվում է տեղանքի լայնությունից -5° անկյունը: Այս արժեքից շեղումները թույլատրելի են, սակայն պետք է նկատի ունենալ, որ անկյան յուրաքանչյուր մեկ աստիճանի շեղումը հանգեցնում է ֆոտովոլտային մոդուլների արտադրողականության մինչև  0.2% անկմանը:

1.5. Ցանկալի է ապահովել ֆոտովոլտային մոդուլների բնական բավարար օդափոխությունը։ Տանիքի և ֆոտովոլտային մոդուլի միջև պետք է լինի բավարար տարածություն օդի ազատ շարժի և հովանցման համար։ Տաքանալուց, ֆոտովոլտային մոդուլների արտադրողականությունը նվազում է ( ջերմաստիճանի գործակիցը նշվում է ֆոտովոլտային մոդուլների բնութագրերում և հավասար է, միջինում, -0.35-0.45% մեկ աստիճան Ց-ի համար):

1.6. Կրող կոնստրուկցիաների և միացումների անբավարար ամրությունը երբեմն ստեղծում է վթարային իրավիճակներ: Որոշ օգտվողների մոտ քամին վնասել է արևային ֆոտովոլտային մոդուլները, միևնույն ժամանակ կոտրելով տանիքը և/կամ վնասելով շենքի ճակատը: Եվ սա, ցավոք, հազվադեպ երևույթ չէ։

1.7. Հողանցման, գերլարումների և շանթարգելման հետ կապված թերացումները և/կամ դրանց անտեսումը կարող է առաջացնել բավական լուրջ խնդիրներ։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՀՈՂԱՆՑՈՒՄ ԵՎ ԻԳԼՊ և ՀՈՂԱՆՑՈՒՄ ԵՎ ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ հղումներին։

2. Անհիմն սպասումներ արևային ցանցային համակարգերից

Եթե դուք որոշել եք օգտագործել «կանաչ էներգիա» կամ նույնիսկ ավելին, ցանկանում եք անջատվել էլ. ցանցից, կարող եք մտածել, որ արևային ֆոտովոլտաին ցանցային կայանի տեղադրումը կլուծի ձեր բոլոր խնդիրները։ Ցավոք սրտի, դա այդպես չէ. կլինի ժամանակ երբ ձեր կայանի արտադրած հոսանքի ավելցուկը դուք կվաճառեք էլ.ցանցին՝ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի շրջանակում, իսկ ոչ բավարար արտադրության դեպքում՝ դուք կլրացնեք այն էլ.ցանցից։

3. Էլեկտրական սարքերի էներգիայի սպառման թերի հաշվարկ

Շատ հաճախ սպառողները սպառման սխալ հաշվարկ են կատարում, իսկ հետո մտածում` թե ինչու արևային համակարգից բավարար էներգիա չեն ստանում: Ձեր էներգիայի սպառումը գնահատելու համար դուք կարող եք հաշվարկել այն մեր կայքում` արևային հաշվիչ:

Հատուկ ուշադրություն դարձրեք հզոր սարքերին `օդորակիչներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, ջրատաքացուցիչներ, էլեկտրական վառարաններ և այլն, քանի որ դրանք են “որոշում” էներգիայի հիմնական սպառումը:

Այսպիսով, մի քանի սխալի պատճառով, կարող եք ստանալ ոչ թե երաշխավորված 100% էներգիա, այլ ակնկալվող և հնարավոր էներգիայի ընդամենը մի մասը, որը կբերի հիասթափության: Միայն պահպանելով հնարավոր բոլոր նորմերը, կարելի է ստանալ հնարավոր առավելագույն արտադրողականություն ցանկացած եղանակին:

Նյութը հրապարակվել է՝ 17.04.2018թ    

Թարմացվել է՝ 14.05.2020թ