am
en

Գլոբալ տաքացման հիմնախնդիրը

22.04.2022

Վերջին շրջանում Երկիր մոլորակի վրա  նկատելի փոփոխվել է կլիման: Որոշ երկրներ տառապում են անոմալ տապից, որոշ երկրներ էլ  խիստ ցրտից և ձնառատ ձմեռներից: Մարդու գործունեության հետևանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում և անտառների հատման ու այրման հետևանքով:

Բնական պաշարների անխնա շահագործումն էկոլոգիական բեռ է մոլորակի համար: Առկա են  համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է: Եվ, եթե պետությունները չսկսեն կյանքի կոչել ընդունված միջազգային բնապահպանական համաձայնագրերը, ապա մինչև 2100 թվականը մոլորակի ջերմաստիճանը կարող է բարձրանալ 1,4-5,8 °С-ով:

Բնապահպանները զգուշացնում են. երկիր մոլորակի համար անդառնալի հետևանքներ կունենա ջերմաստիճանի նույնիսկ 2°С-ով բարձրանալը: Կարագանա սառցադաշտերի հալոցքը,  կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Գլոբալ տաքացումը չի շրջանցում նաև Հայաստանը։ Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանն առավել զգայուն է խոցելի էկոհամակարգերի, կլիմայի չորության և հաճախակի նկատվող տարերային աղետների պատճառով։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ծայրահեղ եղանակային երևույթները՝ երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, սելավ, ջրհեղեղ, ուժեղ քամի, անտառային հրդեհ։

Անհրաժեշտ է սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները, շահագործել այլընտրանքային էներգիա, մշակել տաքացման հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու ռազմավարություն։ Անհրաժեշտ է ներդնել էներգախնայող տեխնոլոգիաներ և անցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։

Կան էներգիայի մի քանի աղբյուրներ, որոնք  արտանետումների առումով անվտանգ են մթնոլորտի համար՝ հիդրոէներգիա, ատոմակայաններ և նոր վերականգնվող աղբյուրներ՝ արև, քամի, մակընթացություն: Հիդրոէներգիան ունի տեսանելի սահմաններ  (Երկրի վրա գետերը այդքան էլ շատ չեն և բոլորին չեն հասանելի), քամին և մակընթացությունները կարող են օգտագործվել, բայց արտադրման վայրում, ուստի ապագայի էներգիայի հիմնական աղբյուրները արևն ու ատոմն են: Սակայն հաշվի առնելով այն, որ ատոմի ճեղքման համար օգտագործվում է ահռելի քանակով ջրային պաշար, ուստի սա ևս լավագույնս չի արդարացնում իրեն: Իսկ արևը հասանելի է բոլորին, չունի արտանետումներ, աշխատանքի համար չի պահանջում  այլ գործոններ:

Արևային էներգիայի հաղթաթուղթը տեխնոլոգիաների գրեթե համընդհանուր հասանելիությունն ու դինամիկ զարգացումն է։ Բացի այդ, արևային էներգիան բարելավվում է և կարող է դառնալ շատ ավելի խնայող, ի տարբերություն միջուկային էներգիայի:

Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկել է քայլեր։ Կառավարության կողմից հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է՝

  • բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը,
  • զարգացնել վերականգնվող էներգետիկան,
  • ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20,1%,
  • հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը: Երկրի օրը վերագրվում է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:

1970 թ-ին Երկրի առաջին օրը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում ՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունումը: Մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան 1970 թ-ի Երկրի առաջին օրվա: Շատ երկրներ շուտով ևս ընդունեցին նման օրենքներ:

Ինչ կարող է անել սովորական մարդը կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու, ԱՄԵՆ ՕՐ հանուն ավելի «մաքուր, կանաչ» երկրագնդում ապրելու համար.

  1. Խնայե՛ք էլեկտրաէներգիան: Անջատե՛ք ձեր տանը առանց անհրաժեշտության վառվող լույսերը:
  2. Խնայե՛ք ջուրը: Կրճատե՛ք լողանալու ժամանակը մինչև 5 րոպե և փակե՛ք ծորակը ատամները լվանալու ընթացքում՝ խնայելով բոլորիս համար այդքան կարևոր ռեսուրսը։
  3. Քիչ սննդային աղբ՝ քիչ վնաս: Ճիշտ պլանավորե՛ք սննդի քանակը և ճիշտ պահե՛ք սնունդը, որպեսզի հնարավորինս քիչ սնունդ թափեք․ չէ՞ որ սննդի արտադրությունը նույնպես վնասում է Երկիր մոլորակին։
  4. Ո՛չ պլաստիկին: Օգտագործեք բազմակի օգտագործման տոպրակ՝ միանգամյա պլաստիկ տոպրակներից հրաժարվելու համար։ Եվ չմոռանաք խանութ գնալիս վերցնել տոպրակը ձեզ հետ։
  5. Ավելացրե՛ք տան թթվածինը։ Տանը կենդանի բույսեր աճեցրե՛ք: